փակել փակել

Խաջեզարեի երգը

Խոսք: Հովհաննես Շիրազ
Երաժշտություն: Արամ Մերանգուլյան
Ա՛յ գառներ, սարի գառներ,
Անլեզու, բարի գառներ,
Դուք էլ եք յարիս կանչում,
Իմ կորած յարի գառներ։

Ա՛յ ծովակ, սարի ծովակ,
Այ Վանա բարի ծովակ,
Իմ յարի արցունքն ես դու,
Իմ կորած յարի ծովակ։

Ա՛յ ճամփեք, սարի ճամփեք,
Ա՛յ անգին քարի ճամփեք,
Ո՞ւր գնաց անգին քարս,
Իմ կորած յարի ճամփեք։

Ա՛յ Սիփան, սարի Սիփան,
Ա՛յ բարձր, բարի Սիփան,
Դու էլ ես դումանի մեջ,
Իմ կորած յարի Սիփան։

Ա՛յ աղբյուր, սարի աղբյուր,
Ա՛յ անուշ, բարի աղբյուր,
Ա՜խ, դու էլ լալով կերթաս,
Իմ կորած յարի աղբյուր։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)


«Սիամանթո և Խաջեզարե» պոեմից