փակել փակել

Անուշ գառնիկ ես

Խոսք: Հավասի (Արմենակ Պարսամի Մարկոսյան)
Երաժշտություն: Հավասի (Արմենակ Պարսամի Մարկոսյան)
Անուշ գառնիկ ես, գառնիկ միամոր
Նախշուն թռչնիկ ես, թռչնիկ թևավոր,
Մենակ, անընկեր, անընկեր տատրակ,
Ճամփիս կսպասես, թանկագին հոգյակ,
Թանկագին հոգյակ, սիրուն իմ սոխակ,
Սիրուն իմ սոխակ, քաղցրախոս թութակ։

Էդ բարակ բոյիդ, բոյիդ չինարի,
Մեղրածոր լեզվիդ, լեզվիդ շաքարի,
Կարոտած կգամ, կգամ երազով,
Քեզ հետ կխոսեմ սրտիս մուրազով,
Սրտիս մուրազով, իմ սիրուն սազով,
Իմ սիրուն սազով, յար ջան, քո նազով։

Գուսան Հավասն եմ, կարոտել եմ քեզ,
Ա՜խ, երբ կհասնեմ, հասնեմ սրտակեզ,
Ծաղկալից գարնան, գարնան սարերի,
Կանցնեմ վրայով սառն աղբյուրների,
Սառն աղբյուրների, անուշ ջրերի,
Անուշ ջրերի, աննման փերի։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)