փակել փակել

Ծառերը ծաղկում են (Դու դրախտի փերի)

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Դու դրախտի փերի, սիրովդ եմ ապրում,
Քեզնից սեր առնել, միշտ եմ փափագում,
Անքուն, անդադար, ես քեզ եմ կանչում,
Ոտքիդ տեղերն են ծաղկում, կանաչում:

	Երկնային հրեշտակ դու իմ երազն ես,
	Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես,
	Ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ,
	Բայց դու գարունն ես՝ հավերժ անթառամ:

Անցնում են կյանքիս, ջահել օրերը,
Պայծառ է մնում քո ազնիվ սերը,
Ես քո սիրածն եմ, ինձ մի՛ չարչարի,
Եկ, կյանքիս կյանք բեր, քո սրտով բարի:

	Երկնային հրեշտակ դու իմ երազն ես,
	Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես,
	Ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ,
	Բայց դու գարունն ես՝ հավերժ անթառամ:

Աշխարհն է ծաղկում քո մի ծիծաղից,
Միայն Աշոտիս դու տվիր թախիծ,
Թևերիդ մատաղ, մի զմրուխտ ղուշ ես,
Դու գիշեր չունես, միշտ արշալույս ես:

	Երկնային հրեշտակ դու իմ երազն ես,
	Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես,
	Ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ,
	Բայց դու գարունն ես՝ հավերժ անթառամ:
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)