փակել փակել

Եղբայր

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Դու քեզ համար եղար, ես էլ ինձ համար,
Ոչ ես մի բան դառա, և ոչ դու, եղբայր,
Չաշխատեցինք մի տեղ, համերաշխաբար,
Ջլատվեց ուժերս ահարկու, եղբայր։

Քանի մեկտեղ էինք, մենք չունեինք ահ,
Մեզի ոսոխներուն կսպառնայինք մահ,
Արդյոք բաժանվելով ինչ ունեցանք շահ,
Արի, մեկ մտածենք, իմ աղու եղբայր։

Ախ, երբ մենք մեկ էինք որպես քաջ կորյուն,
Երկիր սարսեցներ մեր գոռուն–գոչյուն,
Ես մտա մի անկյուն, դուն էլ մի անկյուն,
Եղանք ամեն մեկս մի կատու, եղբայր։

Երբ միասին էինք սրտով սիրակեզ,
Մեր տունն էր զարդարված իբրև մեկ պարտեզ,
Ինչ ժամ մտնում էինք մեկտեղ ասպարեզ,
Պապանձում էր ամեն չար լեզու, եղբայր:

Նման մեր պապ Վարդան քաջ նահատակի,
Անվախ մտնում էինք մեջը կրակի,
Երբ որ տալիս էինք քամակ-քամակի,
Տապալվում էր փիղը այն հուժկու, եղբայր։

Չլսեցինք խոսքը մեր բարեկամին,
Մենք մեզի հասցրինք այս թշվառ ժամին։
Ամեն մարդ խփում է մեզ յուր ատամին,
Դարձել ենք խաղալիք, ինչպես ձու, եղբայր։

Մենք մի հոր զավակ ենք, եղբայր հարազատ,
Ինչու համար չունենք մի ծես, մի հավատ,
Խորթ ու մորի չկա մեր մեջը հաստատ,
Ծնողներս մեկ է իմ ու քու, եղբայր։

Մի աղբյուրի ջուր ենք, բայց չենք իրար հետ,
Մեզի բաժանել է բանսարկուն վարպետ,
Միանալով կազմենք մի ահագին գետ,
Չմնանք անջատված իբր առու, եղբայր։

Մոռացանք իրարու, մոռացանք իսպառ,
Գրվանի տակ մնաց մեր ճրագը վառ,
Իմ այստեղ վիզըս ծուռ, դու այդտեղ թշվառ,
Ընկել ենք իրարուց շատ հեռու, եղբայր։

Մեր վաստակածները մեզ անօգուտ են,
Տներս անպարիսպ՝ հիմքից խախուտ են,
Մեղր կպատրաստենք՝ արջերը կուտեն,
Եղել ենք անպաշտպան խեղճ մեղու, եղբայր։

Եթե չհաշտվինք ու ատենք իրար,
Հավատացիր, կսխալվինք չարաչար,
Այս մեր արարմունքը թե տևեց երկար,
Վերք կուտա երկուսիս մահացու, եղբայր։

Կարծեմ բավական է մնացինք բաժան,
Արի, կրկին լինենք մենք մի գերդաստան,
Թող թշնամին ճաքի, մտնի գերեզման,
Դա է մեզի համար ձեռնտու, եղբայր։

Ջիվանի եղբորդ մի՛ պատճառիր ցավ,
Մի՛ լինիր նախանձոտ, խև, վատահամբավ,
Ասածս լավ լսիր, համարե քեզ բավ,
Թեև չեն խոսքերս իմ ազդու, եղբայր։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)