փակել փակել

Օգնեցեք ինձ

Խոսք: Նիրանի
Երաժշտություն: Նիրանի
Օգնեցե՛ք ինձ, սիրելիք, սիրո սիրաբանս գնաց,
Ուշ գտի, շուտ կորուսի, կյանքս, հոգիս, ջանս գնաց,
Ծաղիկներս սալարած թողավ այգեբանս՝ գնաց,
Երգելով բյուլբյուլներս՝ վարդ ու բուրաստանս՝ գնաց։
Այժմ լալով մնացի, զուր իմ աշխատանս գնաց։

Ափսո՜ս, որ վիզս ծռած՝ ինձի քարեքար տվեցի,
Մեկ սիրականի համար մինչի հոգվովս ցավեցի,
Ինձի սերին ծախիլս ամենայն տեղ համբավեցի,
Վերջին դատարկ մնալով, ես ինձանից խռովեցի,
Չի՛ խնայեց սիրելիս այսքան նեղությանս՝ գնաց։

Ինձ մնաց նորա սիրուն էրվիլս այսքան ժամանակ,
Քյարամին, Ասլուն, ասեմ, թե փարվանին տամ օրինակ,
Չգիտեմ իմ բախտիցն էր, թե թշնամիք կային ներհակ,
Ջոկեցին սիրեկանես թողեցին ինձ մեն-միայնակ,
Ո՛չ քուն ունիմ, ո՛չ դադար, վերջ հանգստարանս գնաց։

Առաջին սերն ասեմ, թե հիմա կարոտ մնալս,
Երանի՛ թե չլիներ այսքան սերի մոտենալս,
Արյուն արտասունք լալով անգութ ցավի տիրանալս,
Վախում եմ՝ կարոտ մեռնեմ, չլինի կրկին տենալս,
Աշխարհն ընդ իս մթնում է, լույս արեգականս գնաց։

Անձնիշխանությունս ծախեցի մեկ սիրականի,
Նրան գերված ծառա եմ մինչև օրն դատաստանի,
Թե կամի դութսաղ անի, թեկուզ ձեռովն սպանի,
Հրեշտակը Նիրանու չոր ջանեն ի՞նչ պետք է տանի,
Երբ մին հոգի ունեի, առավ սիրականս՝ գնաց։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)