փակել փակել

Առ հնչակ

Խոսք: Մ․ Տամատյան
Երաժշտություն:
Հեռաւոր երկիր նստած դու նժդեհ
Հայրենեաց բաղդին մօտուստ ես տեղեակ,
Քարոզ քաջարի նոր սկզբանց վեհ,
Յեղափոխութեան ձայնատու Հնչակ։

Նոր գաղափարի քու ցանած սերման
Ազնիւ պտուղներ, հասուննան արագ,
Կարին եւ Պոլիս որոտման նման
Անդրանիկ շարժմունք ծնան քեւ, Հնչա՛կ։

Չար բռնակալը, Հայոց՝ կեղեքիչ
Վախէն պահուեցաւ ոսկի գահին տակ․
Խուլ Եւրոպայի թնդաց մէն դահլիճ,
Հայը ցնցուեցաւ, կարմրեցաւ Հնչակ։

Այսօր քո սերմանց նոր պտուղք ահա,
Հասած կարմըրին արեան նմանակ,
Կենաց եւ մահու սուրբ ժամ մերձենայ,
Կարմիր հրաւէրիդ ակն ունինք, Հնչա՛կ։

Կոչնակդ հնչեցո՛ւր, հնչեցուր արագ,
Թող Հայք ոտք ելնեն ծագէ մինչեւ ծագ,
Փըշրի ժանտ շղթան ծագէ նոր արեգ,
«Ազա՜տ ենք» հնչէ ոսկեզօ՛ծ Հնչակ։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)