փակել փակել

Երեքնուկ

Խոսք: Պարույր Սևակ
Երաժշտություն: Վաչե Հովսեփյան
Ա՜խ, ես գիտեմ, չէիր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած․․․
Վազվզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց:
  
Հետո նստում ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ ենք քաղում
Եվ այդ ծանոթ երեքնուկով
«Սիրեմ-սիրեմ» անվերջ խաղում:
  
Անուններում երեք հոգու
Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ:
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը` ոչ մի անգամ:
  
Որքան անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու․․․ որ դու ինձ չես սիրում:
  
Չէ, ինձ չէիր, չէիր սիրում,
Թե չէ, ի՞նչ է, բա՞րդ է այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մի անգամ: