փակել փակել

Օրորոցի երգ (Արի՛, իմ սոխա՛կ...)

Խոսք: Ռաֆայել Պատկանյան
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Արի՛, իմ սոխա՛կ, թո՛ղ պարտեզ, մերին,
Տաղերով քո՛ւն բեր տղիս աչերին.
Բայց նա լալիս է, դու, սոխա՛կ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:
  
Ե՛կ, աբեղաձա՛գ, թող արտ ու արոտ,
Օրորե՛ տղիս, քնի է կարոտ.
Բայց նա լալիս է, դու, ձագո՛ւկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:
  
Թո՛ղ դու, տատրակիկ, քու ձագն ու բունը,
Վուվուով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակիկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ:
  
Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:
  
Թո՛ղ որսդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ: