փակել փակել

Զով արեք

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Նազելին իմ քնած է, թողեք քնի, զով արե՛ք,
Ա՜խ սերս թե արթնանա` ժպիտն աչքին զով արեք,
Դեմքը շաղոտ մի հուր վարդ, սուրբ օջախի զարդ է նա,
Գուցե նա իր երազում ինձ կտեսնի, զով արեք:
Սարի մարմանդ հովիկներ,
Օրոր-շորոր ծովիկներ,
Գարնանաբույր նազելուս
Բարի դեմքին զով արեք:

Ես էլ նստեմ էս հովին, լուսնի շողից տաղ հյուսեմ,
Յարիս տունը էս գիշեր սիրո հեքիաթով լցնեմ,
Նա իմ կյանքն է քաղցրանուշ, կուզենամ միշտ լավ տեսնեմ,
Երբ արթնանա մուրազով, շողեր հագնի, զով արեք:

Գուսան Աշոտ, սուրբ ծեգին կաքավ յարս արթնանա,
Ամպի թևին թև առած մուրազներով բարձրանա,
Շաղ է իջել երեսին, թե երկնային մանանա,
Սարից իջնող պաղ ջրեր, լույս երեսին զով արեք:
Սարի մարմանդ հովիկներ,
Օրոր-շորոր ծովիկներ,
Գարնանաբույր նազելուս
Բարի դեմքին զով արեք: