փակել փակել

Ախ տվեք ինձ

Խոսք: Հ․ Հովհաննիսյան
Երաժշտություն:
Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն,
Կյանքից հեռո՜ւ սլանամ
Այն աշխարհը, ուր խնդություն,
Ուր սերն է միշտ անթառամ։

Քնքուշ վարդերն ինձ բարձ լինին,
Վառ կանաչից՝ իմ վերմակ,
Նոցա բույրը զվարթագին,
Ծծեմ անվերջ ես անհագ։

Եվ խայտալով իմ առաջին
Վտակն անուշ խոխոջե,
Մի թարմություն եդեմային
Չորս բոլորքս տարածե։

Եվ ինձ ժպտի արշալույսին
Գարնան մատաղ արեգակ,
Եվ գիշերով իմ ճակատին
Խաղա գողտրիկ, վառ լուսնյակ։

Եվ աչագեղ կույսն ականջիս
Յուր մեղեղին մեղմ հնչե
Եվ հերարձակ՝ սիրով վզիս
Փարե քնքուշ, փաղաքշե...

Եվ հավիտյան վայելչություն
Գրկե հոգիս, չհագենամ...
Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն,
Հեռո՜ւ, հեռո՜ւ, սլանամ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)