փակել փակել

Սարի աղջիկ

Խոսք: Մ․ Լեռնունի
Երաժշտություն: Մ․ Միրզոյան
Սարի՛ աղջիկ, մեր նոր հանդում,
Հայացքդ ջինջ, հուր հրավառ,
Համայնքի ծով հասուն արտում
Աշխատում ես դու միշտ հպարտ։

	Արի՛ աղջիկ, սարի՛ աղջիկ,
	Սովետական դարի՛ աղջիկ։

Արտի միջին քաղ ես անում
Քո հաղթական կուռ ձեռքերով,
Հասկերի հետ խաղ ես անում
Սիրտդ լցված հուր երգերով։

	Արի՛ աղջիկ, սարի՛ աղջիկ,
	Սովետական դարի՛ աղջիկ։

Աշխատանքով տարվել ես դու
Արևաշող մեր նոր հանդում,
Արևի պես վառվել ես դու
Իմ երգառատ ջահել սրտում։

	Արի՛ աղջիկ, սարի՛ աղջիկ,
	Սովետական դարի՛ աղջիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)