փակել փակել

Իմ կարծիքը

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Հղի կնոջ ժամանակը մինչև որ ճիշտ չհասնի,
Կըտըքտքա, ցավ կըքաշե, բայց դեռ զավակ չի ծնի.
Գաղափարն էլ նույն տեսակ է իրան ժամանակն ունի,
Գործը պետք է հասունանա, շտապ ոչինչ չի լինի.

Հղի կինը, թե տանջըվի, կվիժե իր երեխան.
Անժամանակ գաղափարն էլ տհաս մրգի է նման.
Ժողովուրդն էլ պետք է լինի գործին համապատասխան,
Կըպատռվի հին տկի մեջ, եթե ածես նոր գինի։

Աննպատակ խելառ քամին կյանքի ճրագ մարող է,
Շտապընթաց, անմտածող մարդը գործ խափանող է,
Տեսնում ես նա ոտքի վրա կանգնելու անկարող է,
Օրորոցից դուրս մի՛ հանիլ, թող երեխան դեռ քնի:

Դու, Ջիվանի, ինչ որ կանես, վերջի մասին մտածե,
Խավարը դեռ շատ ուժեղ է, արևին կհալածե.
Կամաց, դանդաղ գնացողը շատ կգնա՝ ասած է,—
Հիվանդություն կպատահի, զուր տեղը մի քրտընի։

1907
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)