փակել փակել

Խռով գնաց

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Աչքս դեմի սարին մնաց,
Յարս ինչո՞ւ խռով գնաց,
Երանի՛ թե ետ գա նորից,
Ծաղիկ փնջած՝ խռով գնաց:

	Ինչո՞ւ համար խռովել է,
	Գուցե ճամփին մոլորվել է,
	Կամ թե ուրիշին սիրել է,
	Մենակ թողեց, խռով գնաց:

Զմրուխտ հավքեր, շորորալեն
Գալիս եք դուք էն մեծ սարեն,
Խաբար բերեք անգին յարեն,
Ինչո՞ւ այդպես խռով գնաց:

	Ինչո՞ւ համար խռովել է,
	Գուցե ճամփին մոլորվել է,
	Կամ թե ուրիշին սիրել է,
	Մենակ թողեց, խռով գնաց:

Ճամփա ընկիր, գուսան Աշո՛տ,
Գնա՛, հասիր քո յարի մոտ,
Գուցե սիրտն է ընկել կարոտ,
Չէ՞ որ մոլոր, խռով գնաց:

	Ինչո՞ւ համար խռովել է,
	Գուցե ճամփին մոլորվել է,
	Կամ թե ուրիշին սիրել է,
	Մենակ թողեց, խռով գնաց:
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)