փակել փակել

Իմ սրտին աղ ես արել

Խոսք: Գյուրջի-Նավե
Երաժշտություն: Գյուրջի-Նավե
Իմ սրտին աղ ես արել,
Ջիգյարիս դաղ ես արել,
Ինձանից հեռացել ես,
Ինձ բեդամաղ ես արել։

Դու ես իմ սիրահարը,
Քաշկա՛ տանեմ քո չարը,
Ինձ հո քաշել չես դարը,
Համա նասաղ ես արել։

Շատ մարդկանց ես դու խաբել,
Քո սիրուդ եմ տապտապել,
Ինձ հո՛ թոկով չես կապել,
Համա դութսաղ ես արեր։

Ես եմ ազիզ ախպերդ,
Ինձնից մի կտրիլ սերդ,
Օխ ու քյաման ունքերդ,
Ինձ վերա թաղ ես արել։

Կանչում եմ մոտ չես գալիս,
Արյան աչոք եմ լալիս,
Աչքերդ լույս է տալիս,
Նոր շամչրաղ ես արել։

Կարոտդ քաշում եմ քու,
Չեմ կարող ասել ահու,
Կերպարանքդ տեսնելու՝
Ինձ էլ մուշթաղ ես արել։

Մինա բոյըդ սուրահի,
Խարաբա սիրտս շահի,
Ինձ տար մոտումդ պահի,
Բավ է ղրաղ ես արել։

Բոխախդ բիլբուլի պես,
Շավղ ա տալիս հուլի պես,
Դեմքդ բացված գյուլի պես,
Խալերդ չաղ ես արել։

Ես քու սիրուդ, բարեկա՛մ,
Կամենում եմ հոգիս տամ,
Պռոշներդ քաղցրահամ,
Թելից շարմաղ ես արել։

Մուրվաթ արա, սիրահա՛ր,
Մի՛ չարչարիլ չարչար,
Ինձ քցել ես քարեքար,
Դրուստ սարսաղ ես արել։

Մատներդ կակուղ մում ա,
Հալամ էփված չի, հում ա,
Տեսնողը հենց գիտում ա՝
Ինձ էլ չրաղ ես արել։

Այսօր լսեցի հանգդ,
Խիստ տեղին են նշանքդ,
Աննման կերպարանքդ
Նոր զառ վարաղ ես արել։

Սիրելի՛, ինձ ատել ես,
Ատել ես, նախատել ես,
Ջիգյարս կտրատել ես,
Արնով շաղախ ես արել։

Ինձ տեսնելիս՝ տուր բարով,
Խորհուրդդ հայտնի գրով,
Ինձ հո՛ մորթել չես սրով,
Անսուր մատաղ ես արել։

Համ օրդակ ես, համ ղազ ես,
Դոստի մոտ փիանդազ ես,
Դու էնքան օյինբազ ես,
Լացս ծիծաղ ես արել։

Դու միշտ կամեցիր բարիս,
Ուրախացնիլ մի՛ չարիս,
Էս քրքրված ջիգյարիս
Քափով արաղ ես արել։

Համ դուդի ես, համ լաչին,
Ես կարոտ եմ քո պաչին,
Դոստ ու դուշմանի միջին,
Դու ինձի լաղ ես արել,

Դարդերս ասեմ ո՞ւմը,
Անո՜ւշ ձեր կեր ու խումը,
Ծիծեռնակա բերդումը՝
Ասում են՝ հաղ ես արել։

Դու ես իմ սիրեկանս,
Մի՛ մաշիլ ջիվան ջանս,
Կտրել ես իմ ամանս,
Դարդ ու նաչաղ ես արել։

Ականջ դիր խոսքիս լավին,
Բեչարա Գյուրջի-Նավին,
Քեզնից չի կտրիլ դավին,
Մագար ախմա՛խ ես արել։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)