փակել փակել

Քաջ Վարդան

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ավարայրի դաշտը ներկեց արյունդ,
Կարմիր Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան.
Ազգե-ազգ կհիշվի անմահ անունդ`
Կարմիր Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան,
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական։

Մեռար՝ թողիր անմահ անուն հիշատակ,
Քո գործքերով դարձար բարի օրինակ.
Դու սուրբ գործի համար եղար նահատակ,
Անմահ Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան,
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական։

Քեզ գրգռեց ջերմ հայրենյաց եռանդը,
Պաշտպանեցիր փրկչիդ տված ավանդը,
Դուրս վանեցիր Զրադաշտյան աղանդը,
Դու վեհ Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան,
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական։

1889
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)