փակել փակել

Հույս կա

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Հարավային քամին փչում է տաք-տաք.
Շուտով գարուն գալու հաստատուն հույս կա,
Ձները ջուր դարձած վազում են արագ,
Ծովը մեծանալու հաստատուն հույս կա,

Բացվում է կաղերու հարթ ճանապարհը,
Առավոտ է, ետ է փախչում խավարը.
Բախտից ծեծված հարավային աշխարհը,
Մեզ հետ միանալու հաստատուն հույս կա,

Ժամանել է գարուն բերող խոսնակը,
Սկսել է երգել յուր եղանակը.
Դժբախտ ժողովրդի բախտի սայլակը
Հաջող ընթանալու հաստատուն հույս կա:

Տանից դուրս է եկել գեղեցիկ սեռը,
Կրկին հյուր կընդունե ձյունապատ լեռը.
Գարնան տեղի տալով ահեղ ձմեռը,
Հանկարծ վերանալու հաստատուն հույս կա:

Առուն զանելու է յուր ջուրը կրկին
Ժողովրդի խոսք է և առած է հին.
Հին ջաղացը դառնալու է վերստին,
Աղոնը աղալու հաստատով հույս կա:

Լույսը շրջապատեց տունը տկլորին,
Արևը ներս մտավ հարկը ստորին.
Շատ դարերուց ի վեր խեղճ սգավորին,
Երեսը խնդալու հաստատուն հույս կա։

Պատերազմի դաշտ է աշխարհը, հոգի,
Մեկը վեր կկենա, մյուսը կընկնի.
Սգավորը ուրախ օրեր կտեսնի,
Ուրախը սգալու հաստատուն հույս կա։

Էլ չի լինի մութ գիշերից տրտնջող,
Կուգա արշալույսը, խավարին ջնջող.
Թուլացած սրտերուն հավատ ներշնչող
Աստղը երևալու հաստատուն հույս կա։

Անապատից կբարձրանա աղաղակ,
Կը նորոգվի շատ բլբլած ավերակ.
Ամուլ կինը կը ծնանի մանչ գավակ,
Ապրելու, մնալու հաստատուն հույս կա։

Երազում է այսպես աշուղ Ջիվանին,
Հավատալով դեպքի դարձող շրջանին.
Արդար դատարանը անգութ գազանին.
Վճիռը կարդալու հաստատուն հույս կա։

1902
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)