փակել փակել

Տարեմուտի երգ

Խոսք: Վ․ Հարությունյան
Երաժշտություն: Է․ Բաղդասարյան
Էսօր ամեն տուն ծիծաղն է թնդում,
Էսօր ոչ մի դուռ փակած չեք գտնի,
Թող բաց դռներով էսօր ամեն տուն
Նորեկ տարվա հետ բախտը ներս մտնի։

	Բաժակներ պարզենք,
	Ջերմ խոսքեր ասենք
Մեր անգին հյուրի՝ նոր տարվա կենաց,
	Մեր բախտի ճամփան
	Մեր սրտի նման
Թող միշտ լինի լայն, թող միշտ լինի բաց։

Էսօր ամեն տան սեղան է բացված,
Բաժակ են բռնել հարազատ մարդիկ,
Արդար բարիքով նրանց վաստակած
Հնձաններդ են լի, անուշ Հայրենիք։

	Բաժակներ պարզենք,
	Ջերմ խոսքեր ասենք
Հայրենի երկրի սրբազան կենաց,
	Մեր երկրի ճամփան
	Մեր սրտի նման
Թող միշտ լինի լայն, թող միշտ լինի բաց։

Էսօր ամեն տան ծփում է գինին,
Քեֆ ենք անելու մինչև առավոտ։
Էս մի բաժակն էլ ձեր կենաց լինի,
Քույրեր, եղբայրներ հայրենակարոտ։

	Բաժակներ պարզենք,
	Ջերմ խոսքեր ասենք
Օտար ափերի հայեր, ձեր կենաց,
	Ձեր դարձի ճամփան
	Մեր սրտի նման
Արևի տակին լինի լայն ու բաց։
 
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)