Պատկառելի հայ աշխարհ, խեղճ, ապիկար մնացիր,
Անօգնական, առանց տեր, անմխիթար մնացիր.
Սիրտդ վերքերով լեցուն, միշտ ցավագար մնացիր,
Չունենալով քաջ բժիշկ, անդեղուճար մնացիր.
Լրիվ հինգ հարյուր տարի բազմաչարչար մնացիր,
Չեղավ քեզ մի ազատիչ, անբարերար մնացիր։
Երբ Բեռլինում կայացավ դեսպանաց վեհաժոզով,
Բուլղարներն ունեցան իրանց հզոր ջատագով.
Տեր ունեցող ազգերը դարձան ուրախ, անխռով,
Ազատվեցան մահմեդի լծից, եղան ապահով.
Իբր քեզ էլ օգնեցին վաթսունումեկ հոդվածով,–
Մի մեծ օգուտ չտալով, նորեն տկար մնացիր։
Անգլիայի թագուհին, դառնալով երաշխավոր,
Խոստացավ քեզի տալու արտոնություն նորանոր.
Պայմանիդ ձեռք քաշեցին յոթը անկախ թագավոր,
Քո ամեն քաղաքներդ դնել հայից գլխավոր.
Վերջը մի բան դուրս չեկավ, նորեն դու թավագլոր,
Պատառող գայլերի մեջ, իբրև ոչխար մնացիր:
Երկու տարին լրացավ այն օրից, երբ խոստացան,
Բարենորոգումներու դեռ չէ երևում նշան,
Կիլիկիայի կողմերում, Զեյթունին տվավ մի բան,
Նա էլ սրի ուժով էր, Պապիկին ես պարտական.
Համբերելով մաշվեցար, փնտրելով մի օգնական,
Վերջապես մինչև հիմա աննախարար մնացիր։
Ջիվանուս քաջ հայտնի է, թե դու որքան խնդրեցիր,
Ինքնավարության մեկ հրաման խնդրեցիր,
Հայերուդ կառավարիչ, բարի իշխան խնդրեցիր.
0րինաց արդարություն, սուրբ դատաստան խնդրեցիր.
Այլոց նման զենք չառար, գրավոր բան խնդրեցիր,
Կարծում եմ անիրավունք նրա համար մնացիր:
1880
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)