փակել փակել

Պարտեզ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ա՜խ, իմ պարտեզ, պտղատու ծառերդ թառամեցան,
Որոմները, փշերը քեզ հետ բարեկամացան.
Սոխակները լռեցին, երգելուց կարկամեցան,
Ագռավները տեղ գտան, բարձրացան, վսեմացան։

Քու հարազատ ծառերդ սնունդի, ջրի կարոտ,
Դու դարձել ես վայրենի անասունների արոտ.
Քո վատ արարմունքներդ թեզի պատմեմ համառոտ,
Շուտափույթ չբացվելով ծաղիկներդ համրեցան:

Նորաբողբոջ տունկերդ կտրատեցին, հանեցին,
Պահապանդ, տեսուչդ երկրե-երկիր վանեցին,
Գռեհիկները մեջդ դառը սերմեր ցանեցին,
Կանաչազարդ մարզերդ չորացան, նսեմացան։

Կարկուտը, ջրհեղեղը քեզ դարձուցին ավերակ,
Մի կենդանի չմնաց, որ քեզ չառներ ոտքի տակ.
Ամեն օր մուկ ու մորեխ, երաշտ ու սով ու կրակ,
Վիթխարի կաղնիներդ վայր ընկան, չդիմացան։

Թեև ունիս դու հիմա մի քանի ծառ ու ծաղիկ,
Լավ բուսաբանի կարոտ, ապրում ես ապերջանիկ.
Ջիվանուս պապերիցը մնացած հին պարտեզիկ.
Խելացի ջրպետներդ ծուլացան, տարտամեցան։

1885
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)