Ամպն առաջին երբ որոտաց,
Գոհար մաղեց, գարուն է,
Արևն ելավ, առուն ցնծաց,
Ձյունը հալվեց, գարուն է:
Կարոտ սիրտս թրթռաց,
Թրթռաց;
Ձեր գուսանի սերն էլ թե գա,
Կվեհանա սարի պես,
Էլ չի տխրի հեռվում ընկած
Մեր սուրբ Վանա ծովի պես:
Ընկնեմ սար ու ձորերը,
Սիրտս շոյեն հովերը,
Ցողերի հետ շշնջան
Անցած ջահել օրերս:
Արագիլն իմ սիրով եկավ,
Բույնը հյուսեց, գարուն է,
Արտույտն արտիս սիրով եկավ,
Կկուն կանչեց, գարուն է:
Ծիծառն եկավ, կռունկն եկավ,
Այգիս ծաղկեց, գարուն է,
Մեղուն բերեց բույր ու նեկտար,
Սիրտս բացվեց, գարուն է:
Հայրենիքն իմ սիրով եկավ,
Աշխարհն հրճվեց, գարուն է,
Հազար անգամ յար կանչեցի,
Ա՜խ, ինձ համար աշուն է:
Կարոտ սիրտս թրթռաց,
Թրթռաց;
Ձեր գուսանի սերն էլ թե գա,
Կվեհանա սարի պես,
Էլ չի տխրի հեռվում ընկած
Մեր սուրբ Վանա ծովի պես:
Ընկնեմ սար ու ձորերը,
Սիրտս շոյեն հովերը,
Ցողերի հետ շշնջան
Անցած ջահել օրերս: