Երգիչների երգիչ, ազնիվ Ջիվանի,
Ջավախքի պարծանքն ես, Ջավախքի զարդը,
Բնավ չի թառամի, անմեռ կմնա,
Քո ցանած ծաղիկը, քո տնկած վարդը։
Երգերդ խրատող, բառերդ ոսկի,
Հայի սրտից կուգան տաղերդ բոլոր,
Լսողը խելքիդ, շնորհքիդ դասից
Կթողնե ետ կգա իր ճամփից մոլոր։
Դու ազնվացնում ես ծռմռված հոգին,
Ցույց ես տալիս արդար ճամփեն լուսավոր,
Ջարդում, հերքում ես հնոց ադաթները սին
Քո խրատող խոսքով, երգով փառավոր։
Քո ծանոթ Թիֆիլին քեզ էլ ո՞նց գովի,
Չունի քո քանքարը, չունի քո լեզուն,
Շիտակ հոգիդ թող ինձնից չխռովի,
Եթե ասեմ՝ նոր Սայաթ ես, իմաստուն։