Մինչև կյանքիս վերջը քեզ պիտի սիրեմ,
Ով իմ ծննդավայր, սրբազան երկիր.
Ես մի չոր կյանք ունիմ, թող քեզ նվիրեմ,
Ինձ կյանք շնորհող մայր, աննման երկիր։
Շատ ունիս անձնազոհ, եռանդոտ մշակ,
Քեզ սիրում են որպես հարազատ զավակ.
Ազատ շունչ կքաշես, կուգա ժամանակ.
Սպասե և հուսա, պատվական երկիր։
Դու ես ազգայնության հրահանգ տըվող,
Սրտիս մխիթարանք, սփոփանք տըվող,
Նախնիքներիս սնունդ տըվող, կյանք տըվող,
Իմ բնիկ հայրենիք, բնական երկիր։
Ջիվանին ե՞րբ պիտի տոնե զատիկդ,
Ապրիլ ամսում արև դարձած մահիկդ։
Փոխված տեսնի քո կրակե շապիկդ
Հագնեիր նոր տեսակ պատմուճան, երկիր։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)