փակել փակել

Սարի սիրուն եղնիկ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան)); Վաղարշակ Լալայան
Սարի սիրուն եղնիկ, նորահաս ծաղիկ,
Գեղատեսիլ աղջիկ, մոտս ման արի,
Լեզուդ անուշ, քաղցրիկ, բերանդ մեղմիկ,
Պար գալող կաքավիկ, մոտս ման արի։

Բնությունդ համեղ, ինքդ ազնիվ ցեղ,
Սիրուն, վայելչագեղ, աչքերդ, կանթեղ,
Թերթիչներդ ասեղ, ունքերդ աղեղ,
Մի գնալ ուրիշ տեղ, մոտս ման արի։

Պարկեշտ, բարեհասակ, դրախտաբնակ,
Դու անմեղ հրեշտակ, չունիս նմանակ,
Ով է քեզ հակառակ, ասա, իմ հոգյակ,
Միշտ ազատ, համարձակ մոտս ման արի։

Խոստանում է գարուն կերպդ զվարթուն,
Ունիս պարկեշտ անուն, համեստ սիրասուն,
Զուգվել ես զարդարուն, աղավնյակ ես դուն,
Ձեռքս բռնե, սիրուն, մոտս ման արի։

Ջիվանուս տարփալին, սրտիս ըղձալին,
Իմ հոգուս անձկալին, մտքիս պանծալին,
Ծառերի պտղալին, անուշ խնկալին,
Կյանքիս զվարճալին, մոտս ման արի։
Աղբյուրներ: Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)


Ամենևին նպատակ չունենալով համեմատվել, իմ կողմից գրեթե կուռքի պես պաշտվող Ջիվանուն, համարձակվել եմ գրել երաժշտության մեկ այլ տարբերակ այս բառերի հիման վրա։
Երգի Ջիվանու կողմից գրված երաժշտությունը երկար փնտրեցի, բայց չգտա։ Հետագայում մի առիթով (1989 թ․) որոշեցի ինքս գրեմ, քանի որ բառերն ինձ շատ էին դուր եկել։
Վաղարշակ Լալայան