Գարուն եղև, քաղցր խոսի բլբուլն,
Ձեր բախչի մեջն բացվել ա սմբուլն,
Սոհբաթումդ պակաս չէ բանադաղուլն.
Ես ղարիբ եմ, դիպչիլ մի էրած սրտիս,
Ծիծաղելով եկ՝ առնեմ վրա գրկիս։
Աչքերդ՝ ծով, ֆըռանգի ղուրսանդ գյամի,
Ունքերդ՝ յաղի, արյունահեղ հարամի,
Սուրն ձեռնիդ՝ ինձի ըսպանել կամի․
Ես ղարիբ եմ, դիպչիլ մի էրած սրտիս,
Ծիծաղելով եկ՝ առնեմ վրա գրկիս։
Բախչի մեջն ամեն օր վարդ կու քաղես,
Ինձ կու տեսնուս, աչքով կանես, ծիծաղես,
Վառ կրակով սրտիս մեջն կու դաղես.
Ես ղարիբ եմ, դիպչիլ մի էրած սրտիս,
Ծիծաղելով եկ՝ առնեմ վրա գրկիս։
Ծոցիդ մեջն բոլոր շամամ ես վարել,
Երկու կողմանց ոսկի կոճակ ես շարել,
Դու իմ ուշ ու խելք ու միտքն ես տարել.
Ես ղարիբ եմ, դիպչիլ մի էրած սրտիս,
Ծիծաղելով եկ՝ առնեմ վրա գրկիս։
Ես գունահքար, մեղաց գերի Նաղաշ եմ,
Քեզ տեսնելով, ախ քաշելով կու մաշվեմ,
Ինձ մոտ նստիր, պատկերիդ նման քաշեմ.
Ես ղարիբ եմ, դիպչիլ մի էրած սրտիս,
Ծիծաղելով եկ՝ առնեմ վրա գրկիս։