Գյոզալ, մինչ ե՞րբ խռով մնաս, քեզ ամբողջ աշխարհն իմացավ,
Խոսիր ինձ հետ, ջանիդ մատաղ, երկինք-գետին, քարն իմացավ,
Բլբուլ եմ քո վարդին կարոտ, նրան այրող խարն իմացավ,
Հազար ծաղկունքով զարդարված, գարնան սուսամբարն իմացավ,
յար ջան։
Խոսիր ինձ հետ, ջանիդ մատաղ,
Ես քո բերող նանիդ մատաղ,
Ազատիր քո սիրո բանտից, նազելի, ինձ,
էշխ ու կրակ դիվանիդ մատաղ։
Խոսիր ինձ հետ կամ բարև տուր, քաղցր ձայնդ լսեմ բարով,
Ինչո՞ւ անխոս անց ես կենում այս եդեմական աշխարհով,
Աշխարհը քեզ մնալու չէ, գնացող մարդկանց խաբարով,
Այս բանը խորունկ հասկացող, գիտուն սիրահարն իմացավ,
յար ջան։
Խոսիր ինձ հետ, ջանիդ մատաղ,
Ես քո բերող նանիդ մատաղ,
Ազատիր քո սիրո բանտից, նազելի, ինձ,
էշխ ու կրակ դիվանիդ մատաղ։
Աշուղ Շահենին բանտել ես ու թողել ես ճամփի կեսին,
Կարոտ եմ քո լույս պատկերին տասնուհնգած վառ երեսին,
Ման եմ եկել արար աշխարհ ու եկել եմ, յար, քո տեսին,
Գարուն բացվել է, դուրս արի, երկնային կամարն իմացավ,
յար ջան։
Խոսիր ինձ հետ, ջանիդ մատաղ,
Ես քո բերող նանիդ մատաղ,
Ազատիր քո սիրո բանտից, նազելի, ինձ,
էշխ ու կրակ դիվանիդ մատաղ։