փակել փակել

Արև

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Արև, դու արև, որ անաչառ ես,
Ինչո՞ւ ես թողնում մեզ նսեմ ու փակ.
Այլ երկըրներու վրա պայծառ ես,
Ձգել ես հայոց միշտ խավարի տակ։

Դու մեր երկըրեն նախ ծնունդ կառնես,
Արդյոք ինչուց է մեզ վրա սառն ես.
Այլոց հետ քաղցր, մեզի հետ դառն ես,
Ի՞նչ է պատճառը, սիրուն արեգակ։

Չես նայում դեմքին խղճալույն հեզի,
Շատ ժամանակ է չես հիշեր մեզի.
Չէ՝ մեր պապ\երը պաշտել են քեզի,
Դու մեզ պատժում ես պատվո փոխանակ։

Չէ, Չէ, մայր լուսո, մի անիր այդպես,
Ցույց տուր մեր ազգին արձակ ասպարեզ,
Թող մեր աշխարհն էլ ունենա հանդես,
Քեզանով մեկ օր գտնի ժամանակ։

Ով պայծառ արփի, լույսդ անխափան,
Աղաչում եմ քեզ, սփռե Հայաստան,
Մանավանդ դեպի խեղճ Վասպուրական
Աշխարհին գնա եղիր օժանդակ։

Երբ որ դու կերթաս դեպի Եվրոպա,
Մտքիդ ունեցիր Փոքր-Ասիա.
Մեկ դու մոտ արի, Լուսինն էլ կուգա,
Աստղերն էլ քեզնից կառնեն օրինակ։

Արև, դու արև, արդար ու անմեղ
Ուղիիդ հանդեպ խավար կա ուժեղ,
Մեր հորիզոնից չեն գնալ այլ տեղ.
Սև–սև ամպերը կան միշտ հակառակ։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)