Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան)); Վաղարշակ Լալայան
Հայոց քաղցր և ճոխ լեզու
Անուշիկ բառերուդ մատաղ,
Թե հին, թե նոր, լավ պտղատու
Քու տնկած ծառերուդ մատաղ,
Թեև ունիս ոխակալող,
Բայց դու կաս, չես մաշող, հալող,
Ամեն լեզվի հարմար գալող
Մեսրոպյան տառերուդ մատաղ։
Հայոց բարբառ, միշտ գովանի
Մեր մոր լեզուն, մեզ ընտանի,
Ընդարձակ բազմակողմանի,
Մտավոր ճառերուդ մատաղ։
Ադամա լեզուն ես հաստատ,
Ծլիր, ծաղկիր, գցե արմատ,
Ունիս փայլուն ճրագներ շատ,
Մշտապես վառերուդ մատաղ։
Ով ունի քեզի չափ քանքար,
Լեզու քիչ կա քեզի համար.
Հայոց եկեղեցու համար
Ստեղծած բառերուդ մատաղ։
Խրթին, մեր Նարեկի նման,
Գիրք ես տվել մեզ պատվական,
Խորախորհուրդ, ճիշտ գերբնական,
Մութ, մռայլ մառերուղ մատաղ։
1885
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)