փակել փակել

Ծովակ

Խոսք: Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան)
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Ձա՛յն տուր, ո՛վ ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։
Շարժեցե՛ք, զեփյո՛ւռք, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ։

Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ, ինձ ասա,
Մի՞թե միշտ այսպես կմնա Հայաստան
Փշալից անապատ, երբեմն բուրաստան։

Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կլինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե աստծո աթոռի մոտին
Անարժան է հայն և հայի որդին։

Արդյոք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ.
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք։

Դժվար այդ, միայն, տեսուչդ վերին,
Կենդանացրո՛ւ հայության հոգին,
Ծագի՛ր նոցա դու քո լույս գիտության,
Որով իբր էակ նոքա բանական
Կճանաչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կլինին գործովք տիրոջ փառաբան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)