Քո փափագով վառվում եմ, արի, սիրական, ո՞ւր տեղ ես,
Երկնային ամպերու մեջ նստող ծիածան, ո՞ւր տեղ ես,
Ճանապարհդ նայելով աչքերումս լույս չմնաց,
Եկ, երևույթ տեսնեմ, ազնիվ սիրական, ո՞ւր տեղ ես։
Ի՞նչ պատահավ, անուշիկ, որ դու հեռացար ինձանից,
Քաղցրախոս, անուշ լեզու, անվամբ գովական, ո՞ւր տեղ ես,
Քանի՞ մեկ, բանի՞ չարաչար տանջվիմ այլոց ձեռքով,
Ո՛վ վեհապանծ անվանի, կյանքիս պահապան, ո՞ւր տեղ ես։
Մեր սիրո վայելչական տեղերն ուրիշ մարդիկ առան,
Դու արի միասին գնանք դատարան, ո՞ւր տեղ ես։
Թող միայն ասեն, Ջիվան, այսօր սիրականդ կուգա,
Թող տատանիմ քու սիրով մինչև հավիտյան, ո՞ւր տեղ ես։