փակել փակել

Հավասին սազ է նվիրում իր վարպետ Թիֆիլուն

Խոսք: Հավասի (Արմենակ Պարսամի Մարկոսյան)
Երաժշտություն: Հավասի (Արմենակ Պարսամի Մարկոսյան)
Սազ եմ բերել, վարպետ, խնդրեմ ընդունես,
Թե ավել, թե պակաս, Հավասուդ ներես,
Ինչ ցանկաս, նոր սազով միշտ գլուխ բերես,
Իմ անգին ուսուցիչ, ազն՛իվ Թիֆիլի։

Տարիներով քեզ հնազանդ մնացի,
Քո շնորհիվ միտքս, աչքերս բացի,
Ջանք չխնայելով հասցրիր հացի,
Հայրական հոգու տեր, անգի՛ն Թիֆիլի։

Ի՜նչ բառեր որոնեմ, ի՜նչ գույներ փնտրեմ,
Որ լավերից լավը քեզ համար ընտրեմ,
Թե սխալմունք ունեմ, թողություն խնդրեմ,
Միշտ բարու մեջ մնաս, բարի՛ Թիֆիլի։

Սազս ուսած կանցնեմ քո ճանապարհով,
Տուր քո ճարտար ձեռքը մնաս բարով.
Եթե սրտիս շուշեն չջարդեն քարով,
Քեզ միշտ պարտական է քո սան Հավասին։

Ներողամիտ եղիր քո սանին նորից,
Գոհացա ձեզանից ու ձեր շնորհից,
Դժվար է բաժանվել իմ Հիսնի մորից,
Միշտ շնորհապարտ եմ քեզ, վարպետ Թիֆիլի։
Աղբյուրներ: Ջավախքի երգարան (http://javakhkmusic.com/ )