Աչքս մնաց ճամփիդ երկար, որտե՞ղ ես, յար, որտե՞ղ ես,
Օրն ինձ համար դառել է դար, որտե՞ղ ես, յար, որտե՞ղ ես։
Սիրուդ կարոտ սրտիս վրա խոր-խոր վերքեր են շարել,
Թողել ես հար անդեղ, անճար, որտե՞ղ ես, յար, որտե՞ղ ես։
Վա՜յ էն վարդին, ամռան շոգին երկնուց անձրև, ջուր չունի,
Անջուր վարդն էլ կակաչի պես ալ թերթերին բույր չունի,
Վա՜յ էն սրտին վառ սիրով լի՝ սիրած յարից լուր չունի,
Կրակն անմար, անմխիթար, որտե՞ղ ես, յար, որտե՞ղ ես։
Հայաստանի զով սարերեն քամին փչեր երանի,
Սիրո երգս քո ականջին անուշ հնչեր երանի,
Հավասու պես գուսան դառնար, երգով կանչեր երանի,
Միշտ անդադար, իմ սիրահար, որտե՞ղ ես, յար, որտե՜ղ ես։