Սև-մութ ամպեր ճակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ։
Զառ փեշերդ անցա, տեսա,
Առանց դարդի սիրտ չկար,
Ա՜խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ,
Իմ դարդիս պես դարդ չկար...
— Է՜յ, Մանթաշի նախշո՛ւն հավքեր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր էդ զառ-վառ, խաս-փետուրներ
Կսևնային քանց դիշեր։
— Է՜յ, Մանթաշի մարմա՛նդ հովեր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր։
— Հեյ վա՜խ... կոտրան իմ թևերս,
Ընկա գիրկդ, Ալագյա՛զ,
Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս,
Լամ, արուն լամ, Ալագյազ։