փակել փակել

Տաղ սիրո

Խոսք: Նաղաշ Հովնաթան
Երաժշտություն: Նաղաշ Հովնաթան
Առավոտուց մեկ մի տեսա զարդարած,
Դու իմ խելքն տարար,
Ես չունիմ ղարար,
Ոսկի շատ էր կապել, մարգարիտ շարած,
Դու իմ խելքն տարար,
Ես չունիմ ղարար։

Լայն և սպիտակ ճակատ, երեսդ՝ վարդի թեր,
Շամալ կուռդ մեկնե, ծաղիկ դեպ ինձ բեր,
Քեզ ղանդ ու շաքար տամ, իմ ձեռոքն կեր,
Դու իմ խելքն տարար,
Ես չունիմ ղարար։

Աչքերդ այնախանա, ոսկեղեն սուր ա,
Սիահ արտևանունքդ կապած է թուրահ,
Քո սերն կրակ է, իմ սիրտն՝ քուրա,
Դու իմ խելքն տարար,
Ես չունիմ ղարար։

Ունքերդ է հիլալ, վարսերդ լալա,
Ես քու սիրուդ կուլամ, կու կանչեմ նալա,
Մեր միջի թշնամին անգանի բալա,
Դու իմ խելքն տարար,
Ես չունիմ ղարար։

Լեզուդ քաղցրախոս հազարան բլբուլ,
Մեկ ձեռնիդ գինու թաս, մեկ ձեռնիդ սմբուլ,
Երեսիդ խալերն կապած սիահ գուլ,
Դու իմ խելքն տարար,
Ես չունիմ ղարար։

Ծառի տակն նստեմք, քաղեմք թազա նուշ,
Ծոցիդ եմիշներն ես անեմ անուշ,
Երեսիդ կու հայիմ, կու մնամ բեյուշ,
Դու իմ խելքն տարար,
Ես չունիմ ղարար։

Ծամերդ ոսկեթել, բոյդ է սալվի,
Թող ծամերդ քո ծոցին վրա ծալվի,
Շատ մի թողի Նաղաշն որ մաշվի, հալվի,
Դու իմ խելքն տարար,
Ես չունիմ ղարար։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)