փակել փակել

Ինչու ուշացար

Խոսք: Վ․ Հարությունյան
Երաժշտություն: Ղ․ Սարյան
Միշտ քո կարոտը վառ է իմ սրտում,
Միշտ քո գալուն եմ ես մնում արթուն,
	Շուրջը խոր գիշեր,
	Աստղեր սիրասուն,
	Ծաղիկներն ինձ հետ
	Երգ են քեզ ասում։

	Եկ, իմ անգին, դու մեր սիրո այգին,
	Թող սերը մեր ծաղկի, բուրի կրկին․
		Այս մութ գիշերում
		Դու արև պայծառ,
		Քեզ եմ ես մնում,
		Ինչո՞ւ ուշացար։

Միշտ քո ճամփին թող ալ վարդեր բուրեն,
Թող հովերը քեզ մեր այգին բերեն,
	Ինձ ժպտան մեղմիկ
	Աչերդ լուսե,
	Եվ սիրո գողտրիկ
	Խոսքերդ լսեմ։

	Եկ, իմ անգին, դու մեր սիրո այգին,
	Թող սերը մեր ծաղկի, բուրի կրկին․
		Այս մութ գիշերում
		Դու արև պայծառ,
		Քեզ եմ ես մնում,
		Ինչո՞ւ ուշացար։


Տես, ի՜նչ ուրախ և ի՜նչ վառ է ցոլում
Քո և իմ աստղը լուրթ հորիզոնում,
	Շուրջը ամենուր
	Կյանք, ժպիտ ու սեր,
	Եվ ամեն սրտում
	Երջանիկ հույսեր։

	Եկ, իմ անգին, դու մեր սիրո այգին,
	Թող սերը մեր ծաղկի, բուրի կրկին․
		Այս մութ գիշերում
		Դու արև պայծառ,
		Քեզ եմ ես մնում,
		Ինչո՞ւ ուշացար։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)