Գարնան ծաղիկ ես, ծաղիկ հոտավետ,
Բույրդ գալիս է անուշ հովի հետ,
Գարունն է լցրել քեզ իր շաղերով,
Բլբուլն է երգել անուշ տաղերով։
Մենակ ես բացվել գարնան բաղի մեջ,
Նոր արշալույսի անուշ շաղի մեջ,
Մենակ ես հաղթել հազար-հազարին,
Հազար երանի քո սիրած յարին։
Անուշ աղբյուր ես՝ սարից ես գալիս,
Ծարավ ճամփորդին ջուր էլ չես տալիս,
Հեռվից կարծում են զովացնող ջուր ես,
Խմողին այրող կրակ ես, հուր ես։
Բաց արա լեզուդ, լոկ մի բառ ասա,
Ջրով չի մարի, ի՞նչ կրակ է սա,
Բաց արա սիրտս, թող ապրեմ էլի,
Դարձիր Հավասուդ, անուշ նազելի։