Անհոգ ես, չես գիտեր՝ ինչ կա քո մասին,
Պտտվում են քո խեղճ անձիդ վնասին,
Գամփռներով, բարակներով միասին.
Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր լալիս են, լալիս։
Որսկանը ճրագով քեզի ման կուգա,
Կուզե ձեռքերը քո արյունով լվա,
Խղճալի, քո տեղակ սար ու ձոր կուլա.
Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։
Որսկանը գութ չունի, կանե կրակը,
Կամ քեզի կսպանե, կամ քո զավակը,
Զուր չի անցնի հրացանի գնդակը.
Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր լալիս են, լալիս։
Դաշտումը չես ման գար, թե մտածես լավ,
Քեզ կվիրավորեն, կստանաս մեծ ցավ,
Դուրս մի՛ ելներ խիտ անտառից դու բնավ.
Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր լալիս են, լալիս։
Զորերը մի՛ մտնիր, վտանգավոր է,
Որսկանը ման կուգա, այնտեղ սովոր է,
Քարայրից խփելով քեզ կըգլորե.
Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր լալիս են, լալիս։