փակել փակել

Դուն էն հուրին իս վուր գէմի կու զաւթէ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ,
Չունքի ինձ զաւթեցիր խափով, նազա՛նի,
Արիվիլք, արիվմուտ, հարաւ ու հիւսիս
Չըկայ քիզի նըման չափով, նազա՛նի։

Շատ մարդ քու էշխէմէն կու դառնայ յիզիդ,
Արի մէ ռա՛հմ արա, լա՛ւ կացի միզիդ,
Գ՚ուզիմ, թէ համաշա դամ անիմ քիզիդ՝
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի։

Դարդիրըս շատացաւ՝ ասիլ իմ ուզում․
Աչքէմէս արտասունք հուսիլ իմ ուզում․
Համաշա, եա՜ր, քիզիդ խօսիլ իմ ուզում,
Սիրտըս չէ կըշտանում գափով, նազա՛նի։

Հայալու իս, ադաբ ունիս, ար ունիս,
Ձեռիդ՝ դաստա կապած սուսանբար ունիս,
Տո՛ւր, ինձի սըպանէ՝ իխտիար ունիս․
Հէնչաք ըլի՝ կէնաս բափով, նազա՛նի։

Սայաթ-Նովէն ասաց՝ արզ անիմ Խանին․
Ղաբուլ ունիմ՝ քու խաթրու ինձ սըպանին․
Հէնչաք ըլի, եա՜ր, գաս իմ գերեզմանին,
Ածիս խուղըն վըրէս ափով, նազա՛նի։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)