Շատ ուշացավ
Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Փրկության ավետաբեր սուրհանդակը շատ ուշացավ.
Ուրախության լուր տվող մեր նամակը շատ ուշացավ.
Իմ մորս եղբայրները իմ մասին իսկի չեն խոսում,
Կրթըված, թղթիկ բերող աղավնյակը շատ ուշացավ:
Քիչ կմնա ունեցած հույս ու հավատս կորսըվին,
Խավարը ինձ տանջում է, աշտանակը շատ ուշացավ.
Լրիվ երկու տարի է սպասում եմ մեկ ձայնի ես,
Ողջ ժամերը կանգնեցան, ժամանակը շատ ուշացավ:
Խեղճ հավի արյուն խմող գող ուրուրը ապրում է դեռ,
Երկնային մեծ հարվածը, ուժանակը շատ ուշացավ,
Ով Ջիվան, հորիզոնը կարկըտի ամպեր շատ ունի,
Հաշտության կամար կապող աղեղնակը շատ ուշացավ:
1897
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)