Ամեն միտ ընկնելով, սիրականս իմ,
Տոչորվում է միանգամայն ջանս իմ,
Մեկ միտ դրեք անհույս երերմանս իմ,
Ո՛վ սիրելիք, տեսե՛ք չարչարանս իմ,
Մոլորյալ եմ, չեմ գիտում սահմանս իմ,
Այս կենացս բարվոք է վախճանս իմ։
Մոտդ գալու իլլաջ չունեմ՝ ճար չունեմ,
Ծովու ալյաց նման եմ, դադար չունեմ,
Հանգամանքս ասելու մեկ յար չունեմ,
Մաջնուն էլած՝ Լեյլուցս խաբար չունեմ,
Անճարացել եմ, մեկ սիրահար չունեմ,
Մոռացել եմ մինչև ազգականս իմ։
Քաղցր ձայնդ քանի լսեմ՝ ջան կասեմ,
Հրեշտակ ես՝ գեղըդ աննման կասեմ,
Պայծառ դեմքդ լույս արեգական կասեմ,
Առատությունդ նորու գարնան կասեմ,
Չեմ սխալիլ քու գեղուդ արժան կասեմ,
Թե հարցանես ուղիղ դատաստանս իմ։
Ես քու սիրուդ արժան չէ լալով մնամ,
Անմխիթար և անհույս գոլով մնամ,
Սիրուդ նամակին սպասելով մնամ,
Տարաբախտությունս սգալով մնամ,
Աղաղակելով, կսկծալով մնամ,
Օտարացավ սիրու սիրաբանս իմ։
Սերիդ մեջն ընկնողըն էրված կըլի,
Նիրանու նման դեգերված կըլի,
Խելք ու միտքը գլխիցը ցրված կըլի,
Չի՛ կարողանալ խոսի, լռված կըլի,
Թե կենդանի էլ մնաց, տարված կըլի,
Սուտ չեմ ասում այսքան գովասանս իմ։