փակել փակել

Համոզմունք

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Օտարի բնական գիտությունիցը
Իմ հայ պապի տված խրատը լավ է,
Փարիզու զարդարված քառանկյունիցը,
Ինձ համար Անիի մեկ պատը լավ է։

Ուրիշ տալիք չունիմ թարց կյանքիս մահից,
Ինձ ի՞նչ կուտան օտարք իրենց մեծ շահից,
Ինձ համար Փարիզու վեհ կայսեր գահից,
Աշոտի քանդված պալատը լավ է:

Ի՞նչ հասկանամ անհոտ բուրաստանիցը,
Ո՞վ է գոհ անաշխատ այգեպանիցը,
Անօգուտ, անողորմ մեծատանիցը
Ազգասեր, ողորմած աղքատը լավ է։

Ես՝ Ջիվանս, զատ չեմ հայ անունիցը,
Թե ունիմ քաջ Արամա արյունիցը,
Օտար ազգի կողմնապահությանիցը,
Հայ եղբորս տված գանգատը լավ։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)