փակել փակել

Ընկեր

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդուն
Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,
Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր,
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն։

Կյանքդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,
Այնպես է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,
Ընկեր եմ ասում, հաստատակամ, ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացընե աստիճանը միշտ վերը մարդուն։

Թշնամիները իր վերա գալած ժամանակը,
Կտրիճ, հարազատ ընկերըն է սուսերը մարդուն,
Ով որ ունենա մտերիմ ընկեր, Ջիվան աշըղ,
Չի սպիտակիլ ամենևին մեկ հերը մարդուն։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)