փակել փակել

Աջաբ քանի ժամանակ է թաք գիդենամ տարիդ էրնէկ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Աջաբ քա՜նի ժամանակ է, թաք գիդենամ տարիդ, է՛րնէկ․
Վո՛ւնց ուտիլ գուզէ, վո՛ւնց խըմիլ՝ մօդըդ նըստող եա՛րիդ էրնէկ․
Բացվիլ իս կարմիր վարդի պէս, փաթութ սուսանբա՛րիդ էրնէկ․
Բըլբուլին լալով ման կ’օծիս գիշիր-ցերեկ՝ խա՛րիդ էրնէկ։

Հուտըդ աշխարհըս բըռնիլ է, բերնումդ ունիս զանջափիլըն․
Կանց քիզ լաւ հուտ չի ունենայ Հընդու էկած ղարանփիլըն․
Գիշիր-ցերեկ զուգսիդ մէջն իս, ձեռիդ ունիս /հուտով հիլըն/․
Դիբչում է ալ պըռօշնիրուդ․ ո՛ւնքիդ, սամանդա՛րիդ էրնէկ։

Շատըն հասրաթէդ կու միռնի, սըրտումըն կ’ունենայ զարուր․
Ով չէ տեսնի՝ մէ՛կ ա՜խ կ’օնէ, ով կու տեսնէ՝ հազար հարուր․
Քու զաթըն քու նըման կուլի, կըշտիդ ունիս օսկէ բարուր․
Բալքա մէկէլ դէդէն բէրէ՝ նըման բարէբա՛րիդ էրնէկ։

Մէ նաղշըդ Արաբ անցկացաւ, մէ նաղշըդ Հընդըստան գընաց,
Մէ նաղշըդ Ղրիմ անցկացաւ, մէ նաղշըդ Դաղըստան գընաց,
Մէ նաղշըդ ՈՒրումէլ կացաւ, մէկըն Փըռանգըստան գընաց․
Ով քու սուրաթըն տեսնում է, ասում է՝ թահա՛րիդ էրնէկ։

Արի նըստի՛, Սայա՛թ-Նովա, խօ՛սքըդ ասա լամզ ու բասով․
Սազին խիլքըդ չըտա՛նուլ տաս էդ խիալով, էդ հավասով․
Ձեռիդ բըռնածըն բըրօլ է․ ա՛ծա, խըմի՛նք օսկէ թասով․
Շատ աջայիբ մէհմանդար իս, սուփրի սազանդա՛րիդ էրնէկ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)