Անզուգական տաղանդ և գերազանց խելք,
Բարձր ուսում, հանճար ես ունենայի.
Ով կարող էր դառնալ իմ գործին արգելք,
Քաղցր լեզու, ճարտար ես ունենայի։
Ավարտած դուրս գայի համալսարանից,
Մկրտված գիտության սուրբ ավազանից.
Գիտունները պատկառեին ինձանից,
Շատ վսեմ գաղափար ես ունենայի։
Սկսեի մեծ օգուտ տալ մարդկության,
Ընկածին, տկարին լինեի պաշտպան.
Դառնայի պերճախոս, հմուտ պատմաբան,
Գրվածներ շարե-շար ես ունենայի։
Չկամենար աստված շուտով կյանքիս մահ,
Ուսմանս պտուղը լիներ բազմաշահ.
Աշակերտներս դառնային մեկ-մեկ շահ,
Ամեն տեղ վառ դամբար ես ունենայի։
Բանայի գործարան բանուկ գերազանց,
Արհեստ, խրատ տայի պարապ խեղճ մարդկանց,
Ոսկին ու արծաթը գային ինքն իրանց,
Ամեն միջոց հնար ես ունենայի։
Օրերս անցնեին անցավ, գեղեցիկ,
Պալատի պես տան մեջ ուրախ երջանիկ.
Յոթը արու զավակ, մեկ համեստ աղջիկ,
Պարկեշտ կին տնարար, ես ունենայի։
Բախտս նժույգի պես կայտռեր ու խաղար,
Բարեկամս հրճվեր, թշնամիս դողար,
Հարյուր նավս ծովերու մեջը լողար.
Մեկ խելոք նավավար ես ունենայի։
Բարեխառն կլիմայում իմ տեղը
Լիներ, որ բազմանար, ծաղկեր իմ ցեղը.
Ձմեռը քաղաքը, ամառը գեղը
Ապրելու ուժ ու ճար ես ունենայի։
Ձիերի ջոկատներ կերպ-կերպ բազմազան,
Կովերի նախիրներ, բոլորը կթան.
Շատ զույգ լծու եզներ, գոմեշ չորս գութան,
Վարելու դաշտ ու սար ես ունենայի։
Հովիվներս մեկ-մեկ կտրիճ աժդահակ,
Ուսերուն հրացան, ձեռքերուն մահակ.
Գույներովը կարմիր ու սև սպիտակ,
Հինգ-տասը հոտ ոչխար ես ունենայի։
Որդուս մեկը լիներ հմուտ պատմաբան,
Մեկը՝ գյուղատնտես, մեկը՝ բուսաբան.
Մեկն էլ բժիշկ դառնար, բանար դեղարան,
Գործիչներ ինքնահոժար ես ունենայի։
Շանս չորս բոլորը պարսպով պատած,
Պտղատու ծառերով, ծաղկով զարդարված,
Մեջտեղումն էլ մի լավ շատրվան շինած,
Ջրաբաշխ զովարար ես ունենայի։
Յոթը որդոցս հետ, յոթն էլ նոր հարսունք,
Պարտեզում ման գային, տայի իրավունք.
Առավոտ, երեկո երգեին թռչունք,
Քաղցր երգ ու քնար ես ունենայի։
Անխտիր ողջ մարդկանց ցանկայի բարիք,
Ոչ մի անհատ ինձնից չտեսներ չարիք.
Ունեցածս վայելեի շատ տարիք,
Առանց ցավ կյանք երկար ես ունենայի։
Օգուտ տայի թե օտարաց, թե հայոց,
Սարքեի զանազան տեղեր որբանոց.
Ամեն մեկ գյուղի մեջը բանայի վարժոց,
Ուսուցիչներ հարմար ես ունենայի։
Քահանան զարգացած, պատվավոր հարգի,
Ժողովրդի մեջը քարոզեր ձրի.
Շինել տայի մի նոր, լավ եկեղեցի,
Մեկ փառավոր տաճար ես ունենայի։
Որդոցս հետ մեկտեղ սեղանի վրա,
Խայտայի, ցնծայի որպես մի արքա.
Կեր ու խումս առատ լիներ անխնա,
Անուշ գինի, նեկտար ես ունենայի։
Ւղձերս կատարվեր, պարտքերս տայի,
Ոչ մի մարդու պարտական չմնայի.
Երբ որ տերը կանչեր, երկինք գնայի,
Հարթըված ճանապարհ ես ունենայի։
Ջիվանս լինեի աստվածահաճո,
Հավատով ջերմեռանդ և հեզաբարո,
Անհետ չկորչեի մահիցս հետո,
Վրաս նշան մեկ քար ես ունենայի։
1900
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)