փակել փակել

Օտարականի երգ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Օտարության մեջը զուր անցավ ջանքս.
Կարոտդ քաշելով մաշեցի կյանքս.
Կրկին դեպի քեզ է սիրտս, բաղձանքս.
Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթևան։

Ծննդավայր, երբ քեզանից հեռացա,
Կարծես դրախտիցը դժոխքը ընկա.
Համդ ու արժեքդ ես նոր իմացա.
Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթևան։

Տկարներուն թե չճնշե հզորը,
Կարելի՞ է որդին մոռանա հորը,
Մանավանդ քեզ նման հարազատ մորը.
Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական.
Պապիս, մամիս, նախնիքներուս օթևան։

Օտարության հացը ասացին մեծկակ,
Բայց գնացի, տեսա փոքր նկանակ,
Դառնահամ, անաճուն, սպառող քսակ,
Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական.
Պապիս, մամիս, նախնիքներուս օթևան։

1883
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)