Յարս մոտես անցավ, խռով էր, լուռ էր,
Դեմքը թախծոտ, խիստ մտածկոտ, տխուր էր,
Իմ նրան նայելը, կանչելը զուր էր.
Մոլորված նայեցի, սիրտս շահեցի,
Յարիս խռով տեսքը սեր համարեցի։
Յարս վարդ էր փնջել, պարտեզը բաց էր,
Մոլոր էր, հուզված էր, դեմքը քրտնած էր,
Ասես աշխատել էր, հոգնած, հարբած էր.
Մոլորված նայեցի, սիրտս շահեցի.
Յարիս վարդ փնջելը խաղ համարեցի։
Վերջն իմացա, ամա՜ն, յարիս վիշտն էր խոր,
Առանց նրան էլ ինչ արև, էլ ինչ սեր,
Ծնողներն ընտրել էին փեսացու մի նոր,
Մոլորված նայեցի, վիշտս պահեցի,
Յարիս լքված սերը ցավ համարեցի։
Սիրահա՛ր, քո վարդն է հարուստի բաղում,
Ոսկեպաշտ ագռավն է նրա հետ խաղում,
Իզու՜ր, խեղճ Թիֆիլի, քեզ էլ չեն թաղում,
Մոլորված նայեցի, լացով նայեցի,
Յարից բաժանվելը մահ համարեցի։