փակել փակել

Կաքավի գովքը

Խոսք: Հովհաննես Թումանյան
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Արև բացվեց թուխ ամպերին,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն։
	Սիրունի՛կ, սիրունի՛կ,
	Սիրունի՛կ, նախշո՛ւն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով,
Շուշան, նարգիզ, նունուֆարով։
Քո տեղ լցված ցող ու շաղով.
Քնես-կելնես երգ ու տաղով։
	Սիրունի՛կ, սիրունի՛կ,
	Սիրունի՛կ, նախշո՛ւն կաքավիկ։

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պստի կտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով
Կշորորաս ճուտիկներով։
	Սիրունի՛կ, սիրունի՛կ,
	Սիրունի՛կ, նախշո՛ւն կաքավիկ։

Երբ կկանգնես մամռոտ քարին,
Տաղեր կասես ծաղիկներին,
Սարեր-ձորեր զվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կհանես։
	Սիրունի՛կ, սիրունի՛կ,
	Սիրունի՛կ, նախշո՛ւն կաքավիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)