Հայո՛ց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս եք գալիս, ասում եմ՝ «ա՜խ»,
Հալվում եմ, հալվում օտարության մեջ,
Ա՜խ, սիրտս խորվում, ցավիս չիկա վերջ։
Երբ կարմիր գինին բաժակումս լցրած,
Սեղանիս վրա առաջս է դրած,
Աչքս ակամա վրան եմ ձգում,
Ձեր սիրուն պատկերն եմ մեջը տեսնում։
Հայո՛ց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ,
Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կտեսնեմ,
էն սև-սև աչերն, սև ունքով պատած,
Կարծես երկնային ղալամով քաշած։
Էն սև-սև աչերն, որ շատին սպանեց,
Բայց էլի շատին դժոխքից հանեց,
Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած,
Առանց կրակի էրված, խորոված։
Հայո՛ց աղջիկներ, ի՞նչ անուն տամ ձեզ,
Թե հրեշտակ ասեմ՝ հրեշտակ չեմ տեսել,
Թե մարդ անվանեմ՝ բեդամաղ կանեմ,
Ուրեմն՝ ի՞նչ անեմ, մոլորված եմ ես։
Ձեր սերն է միայն սրտումս պահած,
Ձեր սիրով միայն եմ ես կենդանի,
Ձեր սերը միայն էս կյանքս մաշված
Օտարության մեջ դեռ կպահպանի։