Ասա, քեզի ինչպես գովեմ, գովքի արժան, իմ նազելիս,
Շատ հեռվից եմ ես քեզ տեսել, կաքավի պես ման ես գալիս,
Շորորալով մտար պարտեզ, ալ ու ալվան կարմիր վարդ ես,
Ծաղկանց միջին ծաղկազարդ ես, դուն իմ գովական նազելիս։
Սիրուն դեմքդ սիրով լի է, աչքդ, ունքդ գովելի է,
Քաղցր ձայնդ լսելի է, երգիր․ մեկ լսեմ նազելիս,
Երգերից աշուղ եմ դարձել, քո սիրո կրակովն եմ այրվել,
Գովքդ աշխարհն է տարածվել, արևից սիրուն, նազելիս։
Արևից սիրուն ես, արի, արի դու, ինձ մի չարչարի,
Նման ես մեղր շաքարի, անուշահամ, իմ նազելի։
Անուշահամ ես իսկական, տեսքով, դեմքով շատ դուրեկան,
Գուսանիս անգին սիրեկան, երկնային լույս, իմ նազելի։