փակել փակել

Նազելի էդ մազերըդ ․․․

Խոսք: Սեյադ
Երաժշտություն: Սեյադ
Նազելի, էդ մազերըդ լուսո շափաղ չէ՝ — ի՞նչ է բաս,
Քառանկյունի ճակատդ մարմար թաբաղ չէ՛ — ի՞նչ է բաս,
Ունքդ կամար, աչքերըդ չիհիլ չրաղ չէ՛ — ի՞նչ է բաս,
Կարմիր ու ալ թուշերդ վարդի յափրակ չէ՛ — ի՞նչ է բաս,
Պռոշըդ կարմիր յաղութ քարի ղրաղ չէ՛ — ի՞նչ է բաս։

Քեզ տեսի, ուշս գնաց․ մի՞թե հոգեհանս դու ես,
Առանց քեզ մեռյալ դի եմ, շունչ կենդանությունս դու ես,
Այլոց միտքը չե՛մ գիտում, միմիայն իմ ջանս դու ես,
Աչքս ձեռքիդ է նայում, ողորմած իշխանս դու ես,
Ատամներըդ միրվարի, լեզուդ ղայմաղ չէ՛ — ի՞նչ է բաս։

Բուխաղդ թուրինջի պես՝ շլինքդ մինա սյուրահի,
Քեզ պես գեղեցիկ չկա, աստված քեզ չար աչքից պահի,
Յախիդ ակունք ես շարել, նմանություն ունիս շահի,
Դոշիդ պես երբեք սպիտակ ո՛չ սադափ գո, ո՛չ շիրմահի,
Ծիծդ շամամ է, ծոցըդ բոսթան ու թաղ չէ՛ — ի՞նչ է բաս։

Հիմա եմ իմացել, որ միրվաթ չունին սիրուններն,
Որ նոցա սրտին երբեք չի ներգործում մեր սուրբ սերն․
Ողորմություն չե՛ն անիլ, թե որ անկանիս ոտներն,
Խստասիրտ յար սիրողն՝ անշահ մատաղ չէ՛ — ի՞նչ է բաս։

Հայտնի է, որ աղքատին ողորմիլն հույժ բարի է,
Ողորմության ձեռքդ բա՛ց, տասանորդ տալու տարի է,
Կարոտ մարդին պաչ տալն մեծ ողորմության չարի է,
Ասում ես՝ քեզ չե՛մ տալու, այդ վիճակն օտարի է,
Ասա՝ տեսնեմ, Սեյադն օտար ղոնաղ չէ՛ — ի՞նչ է բաս։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)