փակել փակել

Ղարաբաղի գարունը

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Լեռների գագաթին հարատև մնում է գարունդ, Ղարաբաղ:
Հազարան երամդ ոսկեթև երգում է գարունդ, Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը ջրերին,
Քո սերն է միշտ պատմում աշխարհին,
Ա՜խ, սիրուն եղնիկս, վիրավոր-վիրավոր,
Ա՜խ, սիրտը հույզի ծով, սիրավոր- սիրավոր:

Լեռներդ ցողակապ, շողակապ քո բերդ ու վանքերը հոյակապ,
Վայելքի օջախ ես դու հիմա, շողում է գարունդ Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը ջրերին,
Քո սերն է միշտ պատմում աշխարհին,
Ա՜խ, սիրուն եղնիկս վառ հուշ է, վառ հուշ է,
Ա՜խ, սիրուն օրրանն իր, ուրիշ է, ուրիշ:

Քո Սյունյաց սարերն են թիկունքդ, լուսինն ու աստղերն են աչկունքդ,
Աստղունքին բույր կտան ծաղկունքդ, վառվում է գարունդ, Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը ջրերին,
Քո սերն է միշտ պատմում աշխարհին,
Ա՜խ, սիրուն եղնիկս մոլոր է, մոլոր է,
Թախիծ կա աչքերում, խռով է, խռով է:

Երկնահաս լեռներից ուժ առած, պապական օջախ ես` լույս վառած,
Աշոտն էլ քո սիրով հմայված, երգում է գարունդ, Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը ջրերին,
Քո սերն է միշտ պատմում աշխարհին,
Ա՜խ, սիրուն եղնիկս մի՛ գնա, մի՛ գնա,
Ա՜խ, դրախտ օրրանդ մի՛ թողնի, մի՛ գնա: